Այսօր հրավիրված «Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. նոր երաշխիքներ ազատ, արդար ընտրությունների» քննարկման ընթացքում զեկույցով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա ներկայացրեց Ընտրական օրենսգրքի Դաշնակցության ներկայացրած տարբերակը` առանձնացնելով որոշ, ավելի կարեւոր կետեր: Նա մասնավորապես կարեւորեց ընտրություններից հետո ընտրողների ցանկի հրապարակումը եւ նշեց, որ այս եւ շատ այլ հարցերում իրենց ընդդիմախոսները չկարողացան համոզիչ հակափաստարկներ ներկայացնել:«Մենք կարողացանք ջախջախել մեր ընդդիմախոսներին եւ ապացուցել, որ մեր առաջարկածը իսկապես բարեփոխում է, իսկ իրենցը վատ, կեղծված կոսմետիկայով իրավիճակը կոծկելու փորձ, սակայն թվաքանակը հաղթեց»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Նա նաեւ կարեւորեց «Ժառանգության» ընտրացուցակներում կանանց թիվը 30 տոկոսի հասցնելու առաջարկը: Անդրադառնալով հանձնաժողովների ձեւավորման մեջ կոալիցիոն ուժերի առաջարկած տարբերակին, որի համաձայն տեղամասային հանձնաժողովները ձեւավորվելու են ըստ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների, իսկ ավելի «վերին» հանձնաժողովներում նշանակվելու են «պրոֆեսիոնալներ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ դա նույնպես իրենց համար անընդունելի է: «Դա վերջում հնարավորություն կտա ամեն ինչը բարդել կուսակցությունների վրա եւ ասել դե կուսակցություններն այնքան պատասխանատու չգտնվեցին, ուժ չունեցան»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ՀՅԴ-ի համար ընդունելի է կամ ամբողջական կուսակցական համակարգը, կամ ամբողջական իշխանական վերահսկողությանը, բայց ոչ այս խառը համակարգին: