Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Էրեբունու վարչական շրջանի Գաջի գործարանի հարևանությամբ գտնվող «Աղի լճում» հայտնաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com--ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օպել»-ը լճից դուրս բերելու համար շտապ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարները՝ ջրասուզակներով, որոնց աշխատանքները ղեկավարում էին Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանն ու փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, օրվա պատասխանատու Մանվել Ներսիսյանը։
Այս պահին ժամանել են Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ--մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, փոխգնդապետ Գագիկ Գաբրիելյանը, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետներ և ոստիկնության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչներ։ Այստեղ է նաև Էրեբունու վարչական շրջանի դատախազ Հովհաննես Սուքիասյանը։
Փրկարարներին հաջողվեց հատուկ ճոպանի միջոցով մեքենան մոտեցնել ափին։ Այս պահին վերամբարձ կռունկով փորձում են ջրից դուրս բերել ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Գարիկ Կիրակոսյանին:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Օպել մակնիշի 28 ՍԼ 373 համարանիշի ավտոմեքենան դուրս բերվեց ջրից, որի մեջ հայտնաբերվեց տիրոջ դիակը՝ գլխի և մարմնի տարբեր մասերում կային բազմաթիվ կտրող--ծակող գործիքից առաջացած վնասվածքներ։
Սպանվածը անհատ ձեռներեց էր, բնակվում էր Վարդանանց 22 շենքում, ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխաներ:
Այս տարվա դեկտեմբերի 22-ին նա տանից դուրս էր եկել և չէր վերադարձել, իսկ դեկտեմբերի 23-ին հարազատները դիմել էին ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ էլ որպես անհայտ կորած փնտրվում էր:
Փաստ առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: