Պատգամավոր Վահե Էնֆիաջյանին չեն գոհացնում Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները։ «Քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում ՀՀ-ում որպես տնտեսվարող սուբյեկտ հանդես գալու, խնդիրների և խոչընդոտների մեջ ամրագրում են նաև այն փաստը, որ հարկային համակարգի հետ կապված բավական մեծ դժվարություններ կան։ Դրանց հետ նրանք չեն ուզում առերեսվել։ Հասկանալի է, որ օրենսգրքի շուրջ մեծ ծավալի մասնագիտական աշխատանք կա տարված, բայց դա արել են մասնագետներ, որոնք կաբինետային, չինովնիկական աշխատանք են ծավալել, ինչն իրականության խնդիրների հետ քիչ առնչություն ունի»,-ասաց նա։
«Թույլ տվեք ձեր կարծիքը չկիսել, որովհետև վերջին շրջանում հարկային վարչարարությունը գնացել է ստվերի կրճատման և ռիսկային խութերի վերացման։ Աշխատել ենք խուսափել ուղիղ հարաբերություններից՝ հարկային տեսուչ-տնտեսվարող։ Կարգավորումների, վարչարարության խնդիրը ես շատ կարևոր եմ համարում։ Եկեք միասին գրենք կարգավորումները,-պատասխանեց ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։