Ամերիաբանկը "Financial Times" հեղինակավոր կազմակերպության "The Banker" ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Սույն թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնում կայացավ "The Banker" ամսագրի 2013թ. "Տարվա լավագույն բանկ" 14-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: "The Banker"-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը, և այս մրցույթին մասնակցելու համար դիմել էր 146 երկրի 483 կազմակերպություն: Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը, հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց: Մասնավորապես նշվել է, որ Բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ և մինչև տարեվերջ շահույթը հասցրել է 14.9 մլն ԱՄՆ դոլարի` պահպանելով իր նորարարական և առաջատար բանկ լինելու վարկանիշը, ապահովելով նաև չաշխատող ակտիվների նվազագույն չափ: Բանկին հաջողվել է ընդլայնել և զարգացնել մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների և սպասարկման որակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը: